3-րդ Հանրապետության հիմքերից ամենակարևորը դրվեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ին: Այդ օրը ՀԽՍՀ-ն և ԼՂԻՄ-ը միավորվեցին` ստեղծվեց ՄԻԱՍՆԱԿԱՆ պետություն: Այդ պետությունում 1990 թվականի մայիսի 20-ին անցկացվեցին ՄԻԱՍՆԱԿԱՆ ընտրություններ, որին հաջորդեց ՄԻԱՍՆԱԿԱՆ Անկախության Հռչակագրի ընդունումը: Այնուհետև Անկախության հանրաքվեի անցկացման համար, ՄԻԱՍՆԱԿԱՆ որոշում կայացվեց:
Եվ հանկարծ ՄԻԱՍՆԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ դե յուրե ճաք տվեց: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը: Միանգամից մի քանի հարց առաջացավ`
1. Ումի՞ց է ցանկանում անկախանալ Լեռնային Ղարաբաղը:
2. Ի՞նչ են անում «անկախ» Լեռնային Ղարաբաղից ընտրված պատգամավորները ՀՀ ԳԽ-ում (վերջիններս ՀՀ ԳԽ-ում մնացին ընդհուպ մինչև 1995 թվականի հուլիսի 5-ի ընտրությունները):
Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի Անկախության Հռչակագրի ընդունումը դեռ անկախանալ չէր: Անկախանալու համար դե յուրե պետք էր հանրաքվե անցկացնել: ԼՂՀ անկախության հանրաքվեն տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 2-ին, իսկ մինչ այդ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվե անցկացվեց ԴԵՌ ՄԻԱՍՆԱԿԱՆ Հայաստանում: Այսինքն` հաշվի առնելով իրադարձությունների հաջորդականությունը և դրանց համապատասխանող իրավական ակտերը, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԻԱՍՆԱԿԱՆ Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և անկախություն հռչակեց: Այսպես հիմնադրվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը: Վերջինիս կյանքը կարճ էր` ընդամենը 72 օր, մինչև 1991 թվականի դեկտեմբերի 2-ը: Հիշեցնեմ` այդ օրը Լեռնային Ղարաբաղը դե յուրե անկախացավ, հետևաբար` Հայաստանի 3-րդ Հանրապետությունը փլուզվեց:
Այսօր Հայաստանում տոնում են Անկախության օրը, մոռանալով, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հիմնված Հայաստանի 3-րդ Հանրապետությունն ապրեց ընդամենը 72 օր:
Ի՞նչ եղավ դրանից հետո:
6 օր անց` 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, բելովեժյան համաձայնության շրջանակներում հիմնադրվեց ԱՊՀ-ն:
19 օր անց` 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվեց հայտնի Ալմա-Աթայի Հռչակագիրը, ըստ որի, ֆիքսվեցին ԽՍՀՄ կազմում ընգրկված հանրապետությունների սահմանները:
Իսկ որտե՞ղ էինք մենք ապրում Հայաստանի 3-րդ Հանրապետության փլուզվելուց հետո, այսինքն` 1991 թվականի դեկտեմբերի 2-ից մինչ այժմ: Մենք ապրում էինք ԱՊՀ-ում, անդամակցում էինք ՀԱՊԿ-ին, երդվում էինք Ալմա-Աթայի Հռչակագրի արևով: Կարող ենք այդ ամենը կոչել Հայաստանի 4-րդ կամ 61-րդ Հանրապետություն: Այսքանը սեպտեմբերի 21-ի օրվա առիթով:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ